«Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքուշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը: Վերջապես, թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգում, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք»: - Հովհաննես Թումանյանի հուշերից առնված այս պատառիկի վերհուշն ստիպում է մեզ կրկին նայել մեր շուրջը և համոզվել, որ, իսկապես, երկնքին մոտիկ լեռնադաշտում ենք: Այնուամենայնիվ, եկել ենք ոչ մշուշային թախիծով, այլ պայծառ ու մաքուր երազներով, որովհետև վաղուց ի վեր լվացվել ու լվացվում ենք տերյանական պոեզիայի մաքրամաքուր ջրերով:
Երկնքին մոտիկ այս լեռնադաշտը, որ շատերիս ճանաչելի եղավ Վահան Տերյանով, այժմ սիրելի ու համբուրելի է այն հիշատակներով, որ նրանից առաջ էր, երբ գաղթական հայի բախտի ցուպին հենված էրզրումցու արմատների հետ այս հողում խորանում էր նաև Վահան Տերյանի ապուպապերի արմատը:
Կարճնկոս գյուղի քահանա Ղազարոսը 1830 թվականին 35 հազար գաղթականների հետ եկել է Ջավախք, հիմնավորվել Գանձա գյուղում: Տեր Ղազարի որդի Գրիգորը, որ Վահանի պապն էր, 60 տարեկանում սրբատաշ քարերով եկեղեցու հիմքն է գցում, ուր Վահանի հայրն արդեն ձեռնադրվում է որպես Գանձա գյուղի քահանա՝ պահելով հոգևոր հայրենիքի գաղափարը Ջավախքի հողի վրա: Քնքուշ երազներով պատանին հոգևոր հայրենիք էր երգում եկեղեցու պատերից դուրս, ծննդավայրի զմրուխտյա հանդերում ու դաշտերում, Թիֆլիսում, Մոսկվայում ու Պետերբուրգում: Հայրենի տան, մանկության հարազատ վայրերի և, ընդհանրապես, հայրենի երկրի պատկերների վրա վերընձյուղվող հոգևոր հայրենիք ունեցող կրծքում տրոփում էր մի գերզգայուն սիրտ ու հոգի, որ Տերյանինն էր: Ինքը՝ գերզգայուն և մխիթարանքի կարոտ, շատերի համար էր թալիսմանի նշանակության տողեր գրում, որ գիշերները՝ բարձի տակ, ցերեկը ծնկներին էին դրվում: Ինքը հոգնած էր գրքերից և «աշխարհից անգութ», սակայն չենք հոգնել մենք նրա գրքերից և նրանցով այսօր էլ աշխարհից հայցում ենք գութ:
Ինքնատիպ ու հայտնություն էր Տերյանը: Հայ գրականության մեջ վառած աստեղային այնպիսի լույսով, որ, ասուպի պես առաջնորդելով, բերում է մեզ Գանձա ու կրկին հետ տանում այս էլ քանի տարի, ու հավերժական է լինելու այս ընթացքը, քանի դեռ զգալու ենք ամենամտերիմ մարդու կարիքը, երբ հոգնած ենք գրքերից, խոսքերից, մտքերից, երբ անհույս ենք և կամ՝ սիրահարված:
«Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը»: -Հովհաննես Թումանյանն առավել քան հպարտ՝ երջանիկ է եղել այդ օրը: «Իմաստուն խոհերին» հաջորդած զգացումն էլ հայրենի եզերքի կարոտն է եղել Վահան Տերյանի համար, և «Մեր սարերը տարեք, տարեք տուն» խոսքերն են գուցե հիմքը դարձել այս հողին ոտք դրած պահին Թումանյանի երջանկության համար:
Հիմա մենք այստեղ ենք նրա հետ: Եկել ենք «խելոք խոսքերից», «անծայր մտքերից» ուղղակի խուսանաված: Եկել ենք մեզ թողած թալիսմանիդ վրա երկնքին այնքան մոտ քո ծննդավայրից արևի նոր շող խնդրելու, որպեսզի արևաշող լինի մեր հայրենյաց օրը, երբ՝
Ունկնդիր լինեմ քո հին երգին...
Հավերժական է Վահան Տերյանի բանաստեղծական ընթացքը, և մենք, որ երջանիկ ենք՝ նրա անմահության վկաները լինելով, հավաքված այստեղ՝ յուրաքանչյուրս մեր ներսում լսում ենք նրա շշնջյունը.
Հիշո՞ւմ են արդյոք քեզ այնտեղ,
Անունդ տալի՞ս են արդյոք...
Հիշում ենք և գլուխ խոնարհում: Հիշում ենք և խոստովանում, որ հայոց պոեզիայի մեջ չկա խոստովանանքի առավել խոշոր ադամանդ, ինչպիսին քո պոեզիայում է, և մենք վաղուց ենք կրում այն իբրև թալիսման՝ մարդ ու քաղաքացի լինելու մեր ճանապարհին:
Այսօր՝ այսքան տարիների հեռվից էլ սրտի մի թաքուն թրթիռով այսպես ենք խոստովանում ինքներս մեզ. «Տերյանը մեր թանկագին սերն է, ոչ միայն սիրո վկան ու խոստովանահայրը: Տերյանը կարոտում է մեզ»: Անդավաճան սեր, անդավաճան կարոտ, որ, հետևում թողած անցնող դարը, եկել ու շշնջում է կրկին:
Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ...
Բանաստեղծի այս երազային կարոտն այսօր համընդհանուր սիրո իրողություն տանող ճանապարհ է դառնում մեզ համար, և մենք գնում ենք՝ երջանիկ ապրումի մեջ լիանալու նրա սիրով, մանավանդ որ, նա ինքն է վաղուց խոստացել.
...Ես անուրջ չեմ, ես կամ, ես կգամ,
Կոչիր ինձ միայն, և ես կդառնամ:
Նա ինքն է խոստացել թե՝
Իմ դուռը բաց է՝ եկեք բոլոր
Անուղիներդ՝ բաց է հոգիս...
Ում հոգին խոց է, ում օրը՝ մութ,
Ում տխրությունը դառն է ու խոր,
Վառ է իմ բոցը՝ կանչս անսուտ,
Եկեք բոլորդ, որբ ու անզոր...
---------------------------------
Հոգիս բացված է ծաղկի նման,
Իմ սերը խորն է ու անսպառ,
Չէ՞ որ լոկ սերն է, սերն է վահան,
Եվ սիրտն է, սիրտն է սրտին ասպար:
Անդավաճան սեր, անդավաճան կարոտ: Տերյանն այսօր էլ սիրում ու կարոտում է մեզ: Ուրիշ որն է առավել երջանիկ ապրումը, երբ փնտրված մեկն ես, այն էլ՝ կարոտով: Բացենք մեր հոգիներն էլ ծաղկի նման, ծաղկեփնջվենք տերյանական անմահ սիրո շուրջն ու նրա հետ դառնանք Հայաստան աշխարհի հոգևոր միջուկը: Միայն այնտեղ կա օրհնված «սեր, ցնորք ու ցավ», «երկիր, երգ ու կյանք»:
Հավաքվենք կատարյալի կարոտով այրվող տերյանական սրտի շուրջը, ջարդենք մեր սրտերի բոցը պահող կաղապարները: Թող միասնաբար ցոլցլան մեր սիրո կրակներն այստեղ՝ «երկնքին մոտիկ այս լեռնադաշտում», և ընդհանրապես, ուր մեղվափեթակի նման բզզում է մարդկության տունը:
Սիրով սպառազեն տխրության ասպետ Վահա՛ն Տերյան, եկել ենք շնորհավորանքի խոսքեր ասելու տարեդարձիդ առթիվ, բայց ահա քեզ ենք պարզում սիրո, մխիթարանքի և հոգևորի պակասից կիզվող մեր հոգիները: Փարատի՛ր տրտմությունը մեր, պարգևիր քո սիրո թալիսմանը մեզ, որով ճանաչենք իրար՝ իբրև ճշմարիտ մարդ ու քաղաքացի:
Ֆելիքս Բախչինյան